Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարելու բանակցություններ ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն իր շահերը: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Որոշ անազնիվ կառավարություններ բանակցություններ են վարում ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը թելադրելու նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած, չի արդարացնի նրանց ակնկալիքները»,- ասել է Խամենեին Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի, որում նա առաջարկել էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Հանդիպման ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը:
Խամենեիի խոսքերով՝ Արեւմուտքի կողմից երկակի չափանիշերի կիրառումը ոչ այլ ինչ է, քան «քաղաքակրթության խայտառակություն»:
«Նրանց համար բանակցությունները պարզապես նոր պահանջներ ներկայացնելու միջոց են, եւ խոսքը միայն միջուկային խնդրի մասին չէ։ Նրանք շարունակաբար նոր ակնկալիքներ են առաջացնում, որոնք Իրանն անշուշտ չի բավարարի.
- մեր երկրի պաշտպանական կարողությունների սահմանափակում,
- մեր միջազգային ազդեցության սահմանափակում,
- մեզ թելադրել, թե որտեղ կարող ենք կամ չենք կարող ներդրումներ անել,
- մեզ թելադրել, թե ինչ կարող ենք կամ չենք կարող արտադրել,
- կամ որ մեր հրթիռների թռիչքի հեռավորությունը չպետք է գերազանցի որոշակի սահմանները։
Եթե ինչ-որ մեկը պատրաստ է ընդունելու այս պահանջները, թող ընդունի։ Բայց այս բանակցությունները վերահսկողություն հաստատելու միջոց են և չեն կարող կոչվել արդար դիվանագիտություն»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։
Հիշեցնենք՝ ուրբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Խամենեիին նամակ է ուղարկել՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին AFP գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում բանակցություններ վարելու Վաշինգտոնի հետ, քանի դեռ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ կիրառում է առավելագույն ճնշման քաղաքականություն: