Ֆրանսիան դատապարտում է Սիրիայում քաղաքացիական անձանց նկատմամբ կրոնական հողի վրա տեղի ունեցած բռնության բազմաթիվ դրվագները եւ կոչ է անում երկրի նոր իշխանություններին հետաքննել բոլոր նման հանցագործությունները: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայի Տարտուս, Լաթաքիա եւ Հոմս նահանգներում տեղի ունեցած լուրջ բռնությունների կապակցությամբ։ Մենք ամենախիստ ձեւով դատապարտում ենք քաղաքացիական բնակչության եւ կալանավորված անձանց նկատմամբ կրոնական հողի վրա իրականացված բռնությունները։ Կոչ ենք անում Սիրիայի ժամանակավոր իշխանություններին ապահովել անկախ հետաքննությունների անցկացումը, որոնք թույլ կտան բացահայտել այս հանցագործությունների բոլոր հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ խաղաղ իշխանափոխությունը եւ ներառական կառավարության ձեւավորումը «կերաշխավորի Սիրիայում էթնիկ եւ դավանաբանական բազմակարծության պահպանումը»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ դա կլինի «երկիրը պառակտումից եւ նոր բռնություններից պաշտպանելու միակ միջոցը», եւ խոստացել է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը խաղաղ իշխանափոխության պայմանների ապահովման համար։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս եւ Հոմս նահանգներում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի եւ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակից զինված խմբավորումների միջեւ։ Առավել թեժ բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
Սիրիայի իշխանությունները զորքեր եւ զրահատեխնիկա են ուղարկել երեք նահանգներ, իսկ խոշոր քաղաքներում սահմանել են պարետային ժամ։ Պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտարարել էր, որ վերականգնել է վերահսկողությունը առափնյա տարածքների վրա։ Երկու օր շարունակվող ծանր բախումները դարձել են ամենալուրջ մարտահրավերը Դամասկոսի անցումային կառավարության համար՝ 2024 թվականի դեկտեմբերին իշխանության գալուց հետո։
Քրդական Rudaw հեռուստաալիքի տվյալներով՝ Լաթաքիա եւ Տարտուս նահանգներում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 134 մարդ, այդ թվում՝ 13 կին եւ 5 երեխա։ Նշվում է, որ զոհվածների մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը երկրի բնակչության մոտ 12%-ն է։
Ընդհանուր առմամբ, հինգշաբթիից սկսած՝ Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա ստորաբաժանումների եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 229 քաղաքացի։