Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակումներ են գործում երկրի փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ը դատապարտում է ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին սպանություններ են կատարել Սիրիայի արեւմուտքում»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը կանգնած է Սիրիայի կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների՝ ներառյալ քրիստոնեական, դրուզական, ալավիական եւ քրդական համայնքների կողքին։
«Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այն անձանց, որոնք իրականացրել են այս զանգվածային սպանությունները Սիրիայի փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս եւ Հոմս նահանգներում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի եւ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակից զինված խմբավորումների միջեւ։ Առավել թեժ բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
Սիրիայի իշխանությունները զորքեր եւ զրահատեխնիկա են ուղարկել երեք նահանգներ, իսկ խոշոր քաղաքներում սահմանել են պարետային ժամ։ Պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտարարել էր, որ վերականգնել է վերահսկողությունը առափնյա տարածքների վրա։ Երկու օր շարունակվող ծանր բախումները դարձել են ամենալուրջ մարտահրավերը Դամասկոսի անցումային կառավարության համար՝ 2024 թվականի դեկտեմբերին իշխանության գալուց հետո։
Քրդական Rudaw հեռուստաալիքի տվյալներով՝ Լաթաքիա եւ Տարտուս նահանգներում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 134 մարդ, այդ թվում՝ 13 կին եւ 5 երեխա։ Նշվում է, որ զոհվածների մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը երկրի բնակչության շուրջ 12%-ն է։
Ընդհանուր առմամբ, հինգշաբթիից սկսած՝ Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա ստորաբաժանումների եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 229 քաղաքացի։