Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունների համար առաջադրել է երեք պայման՝ պատանդների փոխանակումը Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ, զորքերի ամբողջական դուրսբերումը հատվածից եւ պարտավորություն, որ ագրեսիան չի վերսկսվի: Այդ մասին հայտնել է շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։
Ավելի վաղ Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ գործարքի երկրորդ փուլի բանակցությունների համար։ Իր հերթին Իսրայելը մարտի 10-ին իր պատվիրակությանը կուղարկի Կատար, հայտնում է վարչապետի գրասենյակը։
Միեւնույն ժամանակ, The Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին եւ մի քանի աղբյուրների, հայտնում է, որ իսրայելական կողմը մտադիր է ուժեղացնելու ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա մինչեւ Գազայի նոր ներխուժում սկսելը, քանի որ հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։
Մարտի 2-ին ավարտվեց ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման գործարքի առաջին փուլը, որը ձեռք էր բերվել հունվարի կեսերին։ Գործարքի առաջին փուլի շրջանակում, որն ավարտվեց մարտի 1-ին, ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց 33 իսրայելցի պատանդի եւ վերադարձրեց զոհվածների մարմինները։ Իսրայելն էլ իր կողմից ազատ է արձակել շուրջ 1,5 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Իսրայելը մարտի սկզբին ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը, որը ենթադրում է հրադադարի շարունակում մուսուլմանական Ռամադան (մինչեւ մարտի 29-ը) եւ հրեական Զատկի (ապրիլի 12-19) տոների ընթացքում։
ՀԱՄԱՍ-ը չի ընդունել առաջարկը՝ կողմ արտահայտվելով համաձայնագրի երկրորդ փուլի անցմանը, որը նախատեսում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, իսրայելական զորքերի վերջնական դուրսբերում Գազայի հատվածից եւ բոլոր մյուս պատանդների ազատ արձակում։
Մարտի 2-ին Իսրայելը արգելափակեց Գազա մարդասիրական օգնության մատակարարումները՝ փակելով բոլոր անցակետերը՝ դա պայմանավորելով ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ Ուիթքոֆի ծրագրի մերժմամբ: