Մոսկվայում Մեծ Բրիտանիայի երկու դիվանագետներ զրկվել են Ռուսաստանում հավատարմագրումից եւ երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) եւ արտգործնախարարության հայտարարությունների մեջ։
ԱԴԾ հայտարարության համաձայն, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը, ասվում է, որ վտարվող դիվանագետներից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Ալկեշ Օդեդրան է, իսկ մյուսը դեսպանատան քաղաքական բաժնի առաջին քարտուղար Թաբասում Ռաշդիի ամուսին Մայքլ Սքիներն է։
Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս նշյալ դիվանագետները «դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենսդրությունը»։ Բացի այդ՝ ԱԴԾ-ն հայտարարել է, որ բրիտանացի դիվանագետների գործունեության մեջ հայտնաբերել է «հետախուզական եւ դիվերսիոն աշխատանքի նշաններ», որոնք «սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»:
Արդյունքում, ՌԴ ԱԳՆ-ն որոշել է Ալկեշ Օդեդրային եւ Մայքլ Սքիներին զրկել հավատարմագրումից եւ պահանջել երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարության մեղադրանքներն ու որոշումներն անհիմն են։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանությունները անհիմն եւ չարամիտ մեղադրանքներ են ներկայացնում մեր աշխատակիցների հասցեին։ Մենք կպատասխանենք համանման ձեւով»,- ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է Meduza լրատվականը։
2024 թվականի նոյեմբերի վերջին ԱԴԾ-ն հայտարարեց, որ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի երկրորդ քարտուղար Ուիլքս Էդվարդ Պրայորին զրկել են հավատարմագրումից, քանի որ նա Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու ժամանակ իր մասին կեղծ տեղեկություններ է ներկայացրել։ Ըստ ԱԴԾ-ի՝ Պրիորը «փոխարինել էր բրիտանական հետախուզության վեց սպաներից մեկին», որոնք Ռուսաստանից վտարվել էին 2024 թվականի օգոստոսին։
Սրանից առաջ էլ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցներ զրկվել են հավատարմագրումից եւ արտաքսվել Ռուսաստանից, քանի որ նրանց գործողությունները պարունակել էին «հետախուզական եւ դիվերսիոն աշխատանքի նշաններ»։