Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է անհայտ կորածների ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ստեղծել։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։
Նշվում է, որ ներկայում ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակներից անհայտ կորածներ ունեն, իսկ ռազմական գործողությունների շրջաններից հայտնաբերված աճյունները կարող են պատկանել երկու կողմերին էլ։
Ըստ Բաքվի՝ ԴՆԹ-ի համեմատական վերլուծության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու եւ ընտանիքներին արդյունքներ ներկայացնելու համար գործարկված միջոցներից մեկը:
«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց, կնպաստի նաեւ տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։ Սա հնարավորություն կտա նվիրվածություն դրսեւորելու անհայտ կորածների հիմնախնդիրը որպես ազգային սահմանները հատող խնդիր հավաքականորեն լուծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Երեւանը դեռեւս չի արձագանքել Բաքվի առաջարկին։