Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին՝ Հայաստանը հետեւողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում իր ելույթում։
«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատեւ կայունություն եւ տարածաշրջանային առաջընթաց»,- հայտարարել է Միրզոյանը։
Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբեւէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ «մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա»։
Հիշեցնելով, որ նախորդ տարի Բաքվի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվել է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանի ավելի քան 12 կիլոմետրը, Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ադրբեջանական կողմին տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ փոխշահավետ պայմաններ է առաջարկել։ Նա նաեւ հավելեց, որ բացի այդ՝ տարածաշրջանային կայունության եւ կանխատեսելիության ապահովման նպատակով Երեւանը Բաքվին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ ստուգման մեխանիզմ ներդնելու առաջարկ։
«Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին՝ մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ եւ նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով»,- հայտարարել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը հաջորդիվ ընդգծել է, որ կողմերի միջեւ միեւնույն ժամանակ շարունակում են պահպանվել հումանիտար խնդիրները՝ մասնավորապես պահվող անձանց ազատ արձակման հետ կապված։
«Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշերը եւ պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման եւ տեւական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին»,- հայտարարել է Միրզոյանը։
Արտգործնախարարը նաեւ հավելել է, որ Հայաստանը ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեջ եւ վստահ է, որ լիարժեք կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Անկարան ու Երեւանը պայմանավորվել են վերականգնել Անիի կամուրջը։
Ելույթի հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մասում էլ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ Երեւանն ու Դելին ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է զարգանալ դինամիկ կերպով:
«Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, եւ մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանը նաեւ նշել է, որ շարունակում է ընդլայնվել Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում։
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին՝ Միզրոյանը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է տրանսպորտային միջանցքի նախագծով եւ Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակում երկխոսության ու համագործակցության խթանմամբ:
«Այս առումով Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձեւաչափը մեծ նշանակություն ունի, եւ ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը եւ գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ»,- ասել է Միրզոյանը: