Ադրբեջանը մերժել է Կրասնոդարի նախկին դատավոր Ելենա Խախալեւայի արտահանձնման վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքը, այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է փաստաբան Շահլա Գումբատովան։
Արտահանձնումը մերժելու պատճառը չի նշվում։
Դատավոր Ելենա Խախալեւան հայտնի դարձավ 2017 թվականի հուլիսին՝ իր դստեր հարսանիքից հետո, որտեղ ելույթ էին ունեցել ռուսական շուբիզնեսի հայտնի արտիստներ Նիկոլայ Բասկովը եւ Վալերի Մելաձեն։ Նա պնդել էր, որ միջոցառման ծախսերը հոգացել է իր նախկին ամուսինը՝ Ռոբերտ Խախալեւը, որը զբաղվում էր բիզնեսով։ Կրասնոդարի երկրամասի դատավորների խորհուրդը եզրակացրել էր, որ հարսանիքը արժեցել է 4,5 միլիոն ռուբլի։
2020 թվականի հուլիսին Խախալեւան վաղաժամկետ զրկվել էր դատավորի լիազորություններից, այնուհետեւ մեղադրվել խարդախության եւ պաշտոնեական կեղծիքի համար՝ 2016-2019 թվականներին 128 օր աշխատանքից բացակայելու պատճառով։
2021 թվականին Խախալեւան լքել էր Ռուսաստանը, որից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։
2025 թվականի հունվարի վերջին Ելենա Խախալեւային ձերբակալեցին Բաքվի օդանավակայանում։ Ձերբակալությունից հետո նրան կալանավորեցին, սակայն փետրվարի սկզբին Բաքվի դատարանը չեղարկեց կալանքը, իսկ դատարանը նրան հանձնեց ոստիկանության հսկողությանը։