Դելի կատարած պաշտնոական այցի համատեքստում կայացել է Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Արգործնախարարության հաղորդագրության համափայն՝ մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունները ձեւավորվել են դարավոր քաղաքակրթական կապերի հիման վրա եւ վերջին տարիներին նոր մակարդակի են բարձրացել։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ Հնդկաստանի եւ Հայաստանի պաշտոնյաների փոխայցելությունները եւ միջազգային հարթակներում երկրների առկա փոխգործակցությունը վկայում են Երեւանի ու Դելիի միջեւ գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։
«Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջեւ բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում եւ դարերում»,-հայտարարել է Միրզոյանը:
Նա կարեւորել է նաեւ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաեւ Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Նախարարի խոսքերով՝ քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի մի շարք կարեւորագույն հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ։
Հայաստանի արտգործնախարարությունը նաեւ հայտնում է, որ նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվել են․
— «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ» փոխըմբռնման հուշագիր,
— «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Հնդկաստանի Հանրապետության առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջեւ դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։