Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից այն վեճի համար, որը տեղի էր ունեցել նրանց միջեւ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում փետրվարի վերջին կայացած հանդիպման ընթացքում։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում։
«Զելենսկին նամակ է հղել նախագահին։ Նա ներողություն է խնդրել այն ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ՝ սա կարևոր քայլ էր, և մեր թիմերի, ինչպես նաև ուկրաինացիների և եվրոպացիների միջև շատ քննարկումներ են եղել, որոնք նույնպես առնչություն ունեն այս հարցի հետ»,- ասել է Ուիթքոֆը՝ անվանելով դա «առաջընթաց»։
Ուկրաինայի նախագահը մարտի 4-ին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Սպիտակ տանը հանդիպումը «չի անցել այնպես, ինչպես նախատեսվում էր», և ափսոսանք էր հայտնել դրա համար։
«Ափսոս, որ այդպես ստացվեց։ Ժամանակն է ամեն ինչ շտկելու։ Մենք ցանկանում ենք, որ հետագա համագործակցությունն ու հաղորդակցությունը լինեն կառուցողական»,- նշված էր Զելենսկու գրառման մեջ։
Նույն օրը Թրամփը Կոնգրեսում հայտարարել էր, որ «կարևոր նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահից։ ԱՄՆ նախագահը հավելել էր, որ «շնորհակալ է այդ ուղերձի համար»։
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան ավելի ուշ հստակեցրել էր, որ Զելենսկին Թրամփին առանձին նամակ չի գրել, և ԱՄՆ նախագահն իր ելույթում մեջբերել էր Ուկրաինայի նախագահի՝ մարտի 4-ի գրառումը։