ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Սաուդյան Արաբիայում «վճռորոշ նշանակություն կունենա» Կիեւին ամերիկյան ռազմական օգնության վերականգնման համար։ Այդ մասին, ըստ CNN-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ, եթե այնտեղ լավ հանդիպում տեղի ունենա, եւ այն մեզ դուր գա, որի մասին մենք կկարողանանք զեկուցել նախագահին, ապա [ռազմական օգնության] դադարի վերաբերյալ որոշումներ կընդունվեն»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը դեռեւս հույս ունի բնական պաշարների շուրջ համաձանագիր կնքելու Կիեւի հետ, սակայն դեռեւս անհայտ է, թե արդյոք այն կհամաձայնեցվի Սաուդյան Արաբիայում, քանի որ գործարքի մանրամասները դեռևս լիովին մշակված չեն։
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպելու են Ջիդդայում մարտի 11-ին։ Financial Times-ի տվյալներով՝ Կիեւի ներկայացուցիչները հանդիպմանը կներկայացնեն կրակի մասամբ դադարեցման ծրագիր։
Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, որն ավարտվեց վիճաբանությամբ, Վաշինգտոնը կասեցրել է Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը։ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Օգնության կասեցման շրջանակում ԱՄՆ-ը նաեւ դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Մասնավորապես, սա դարձել է այն հիմնական պատճառներից մեկը, որի հետեւանքով վերջին օրերին ռուսական զինված ուժերին հաջողվել է հակահարձակողական գործողություններ իրականացնել Կուրսկի մարզում։ Թրամփը մարտի 9-ին հայտնել է, որ Վաշինգտոնը «գրեթե դադարեցրել է» հետախուզական տվյալների փոխանակման կասեցումը։