Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի այս կամ այն համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի խոսքերը մեջբերում է The New York Times-ը։
Ռուբիոն ելույթ է ունեցել մինչ Ջիդդա մեկնելը, որտեղ մարտի 11-ին կանցկացվեն ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա, ի թիվս այլ բաների, նշել է, որ այս հանդիպումը «կարեւորագույն նշանակություն կունենա» Կիեւին ամերիկյան ռազմական օգնության վերականգնման համար։ Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ը գոհ լինի բանակցություններից, օգնությունը կվերսկսվի։
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ-ի համար բանակցությունների գլխավոր արդյունքը կլինի «ամուր համոզմունքը, որ Ուկրաինան պատրաստ է գնալու բարդ որոշումների»։ Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի ընդունել «բարդ որոշումներ»՝ պատերազմը դադարեցնելու կամ գոնե «մի կերպ կասեցնելու» համար։
Ինչպես գրում է NYT-ը, դիվանագետը հրաժարվել է հնարավոր խաղաղության ծրագիրը ներկայացնելուց, սակայն ակնարկել է, որ զիջումները երկու կողմերի համար էլ որոշիչ կլինեն դիվանագիտական գործընթացում։
«Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակի ռազմական լուծում չկա։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, եւ ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ողջամիտ ժամկետում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ապագա բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը պետք է նաեւ պարզի, թե ինչ զիջումների է պատրաստ գնալու Ռուսաստանը, նշել է Ռուբիոն։ «Մենք չգիտենք, թե իրականում նրանք [Ուկրաինան եւ Ռուսաստանը] որքան հեռու են իրարից»,- ասել է նա։
Բացի այդ՝ Ռուբիոն «հեռանկարային» է անվանել մասնակի հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Financial Times-ը։ «Ես չեմ ասում, որ միայն դա բավարար է, բայց սա այն զիջումն է, որը պետք է արվի հակամարտության ավարտի համար»,- հայտարարել է պետքարտուղարը։