Քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) համաձայնագիր են ստորագրել նոր սիրիական իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Սիրիայի անցումային շրջանի նախագահի՝ Ահմեդ ալ-Շարաայի գրասենյակը իր տելեգրամյան ալիքում։
Հայտարարության համաձայն՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Ալ-Շարաայի եւ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ընթացքում։ Ըստ համաձայնագրի տեքստի, որը կրկին հրապարակել է նախագահի գրասենյակը, «Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող քաղաքացիական եւ ռազմական բոլոր օբյեկտները կներառվեն պետական կառավարման համակարգում»։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է քրդական տարածքներում գտնվող բոլոր անցակետերին, ինչպես նաեւ այնտեղ գործող օդանավակայանին, գազային եւ նավթային հանքավայրերին։
Բացի այդ՝ Դամասկոսի եւ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջեւ կնքված համաձայնագիրը նախատեսում է նաեւ «հրադադարի հաստատում Սիրիայի ամբողջ տարածքում» եւ քրդական բնակչությանը երաշխավորում «սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության իրավունքը»։ Իրենց հերթին քրդերը պարտավորվում են աջակցել նոր սիրիական իշխանություններին «[նախկին նախագահ Բաշար] Ասադի կողմնակիցների եւ այլ այնպիսի գործոնների դեմ պայքարում, որոնք սպառնում են Սիրիայի անվտանգությանը եւ միասնությանը»։
Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչեւ 2025 թվականի վերջը։
Նշենք, որ փետրվարի 24-25-ը Դամասկոսում կայացել էր Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը, որին մասնակցել էին երկրի տարբեր շրջանները ներկայացնող ավելի քան 600 պատվիրակներ։ Հյուսիսարեւելյան Սիրիայի քրդական ինքնավարության վարչակազմի եւ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները, իրենց հայտարարության համաձայն, հրավեր չէին ստացել միջոցառմանը մասնակցելու համար եւ քննադատել էին դրա արդյունքները՝ ընդգծելով, որ քրդերը մտադիր չեն մասնակցելու այս համաժողովի շրջանակում ընդունված որոշումների իրականացմանը։
Փետրվարի 27-ին Մազլում Աբդին հայտարարեց, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդերը պատրաստվում են կազմակերպելու սեփական ազգային երկխոսությունը, որը վերաբերելու է երկրի ապագային։
Քրդերի վերահսկողության տակ է Արաբական Հանրապետության տարածքի 25%-ը, այդ թվում՝ Ռաքքա եւ Հասաքե նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Դեյր ալ-Զորի նահանգի հյուսիսարեւելյան հատվածը, որտեղ էլ նավթային հանքավայրերն են։
2015 թվականից ԱՄՆ-ը քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ստեղծել է առնվազն ինը ռազմական բազա։
Հունվարի 6-ին թուրքական Hürriyet թերթը տեղեկացրեց, որ Սիրիայի նոր իշխանությունները քրդական կազմավորումներից պահանջել են վայր դնել զենքը։
Հունվարի 22-ին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան հայտարարեց, որ քրդերը կարող են միանալ երկրի նոր զինված ուժերին։