«Ժողովրդավարության ազգային հիմնադրամը» (NED) կրկին հասանելիություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսից տրամադրվող միջոցներին, որոնք անհասանելի էին դարձել հունվարի վերջից։ Այդ մասին ասվում է NED-ի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 10-ին։
«NED-ը ողջունում է սահմանափակումները վերացնելուն եւ Կոնգրեսի կողմից հաստատված ու արտաքին օգնության պարգեւատրումներին ուղղված միջոցների վերականգնման Պետդեպարտամենտի գործողությունները։ Սա նշանակալից քայլ է, որպեսզի NED-ը կարողանա շարունակել ազատությունը ամբողջ աշխարհում առաջ մղելու իր առաքելությունը»,- ասվում է Հիմնադրամի հայտարարության տեքստում։
Հիմնադրամի խորհրդի նախագահ, նախկին կոնգրեսական Փիթեր Ռոսկամն էլ հայտարարել է, որ սա կառույցի գործունեությունը վերականգնելուն ուղղված կարեւոր քայլ է, որը հնարավոր կդարձնի կրկին «աջակցել ռեպրեսիվ ռեժիմների ներքո գտնվող ժողովրդավարության առաջամարտիկներին՝ ներառյալ Կուբայում, Վենեսուելայում, Իրանում, Չինաստանում, Ռուսաստանում եւ այլուր»։
Այս զարգացումը հաջորդեց մարտի 5-ին NED-ի ներկայացրած դատական հայցին, որը կապված էր Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների ապօրինի արգելափակման հետ։
Ֆինանսավորման մասնակի վերականգնումը NED-ին թույլ կտա կայունացնել իր գործունեությունն ու վերսկսել դրամաշնորհների տրամադրումը։ NED-ը ակնկալում է, որ ամբողջությամբ կստանա Կոնգրեսի կողմից հատկացված բոլոր միջոցները, եւ որ ֆինանսավորման ընդհատումներ ապագայում չեն լինի։
«Ավելի ազատ եւ բարգավաճ աշխարհը ուժեղացնում է Ամերիկայի անվտանգությունը, խթանում տնտեսական աճը եւ ամրապնդում Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը»,- ասել է NED-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյմոն Ուիլսոնը:
Այս աջակցությունը կենսական նշանակություն ունի NED-ի այնպիսի հիմնական ինստիտուտների համար, ինչպիսիք են «Միջազգային Հանրապետական ինստիտուտը», «Ազգային ժողովրդավարական ինստիտուտը», «Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը» եւ «Համերաշխության կենտրոնը», ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։
«NED-ը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության առաջմղմանը եւ ապահովել, որ հիմնարար ազատությունների համար պայքարողները ստանան անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է Հիմնադրամի հայտարարության մեջ։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ NED-ը մասնավոր շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը նվիրված է ամբողջ աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Իր դրամաշնորհների տրամադրման միջոցով հիմնադրամն ամրապնդում է ժողովրդավարական ինստիտուտները, անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպան կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակության խմբերը ավելի քան 100 երկրներում: