Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի վարչապետ եւ արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպումից հետո՝ ասուլիսի ժամանակ, կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ, այսպես կոչված, «ռեւանշիզմի» միտումներից։
«Թեեւ մենք երկար ճանապարհ ենք անցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման եւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների առկայությունը, այս երկրի արագ ռազմականացումը եւ ռեւանշիզմի միտումը շարունակում են լինել խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը»,- ասել է Բայրամովը, որի խոսքերը մեջբերում է Azertac գործակալությունը։
Հիշեցնենք՝ թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով հայտարարել էին, որ խաղաղության պայամանագրի 17 կետից համաձայնեցված չեն միայն երկուսը։ Դրանք վերաբերում են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն եւ միջազգային ատյաններից հայցերի փոխադարձ հետկանչմանը։
Երեւանից ավելի ուշ հայտարարեցին, որ հստակ առաջարկներ են ուղարկվել Բաքվին նշյալ երկու կետերի շուրջ համաձայնության գալու համար։
Փետրվարի վերջին Երեւանը հայտարարեց, որ ստացել է խաղաղության պայամանագրի վերաբերյալ 12 խմբագրումը, որից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ անհամաձայնությունները շարունակում են պահպանվել:
Բացի այդ՝ Ադրբեջանը նաեւ պահանջում է փոխել երկրի Սահմանադրությունը, դադարեցնել բանակի վերազինումը եւ վերացնել, այսպես կոչված, «ռեւանշիզմը»։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ Սահմանադրության մեջ որեւէ տարածքային պահանջ չկա հարեւանների նկատմամբ, իսկ բանակի արդիականացման քաղաքականությունը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։