ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ առեւտրի նախարարին հանձնարարել է մինչեւ 50% հավելյալ մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար։
Թրամփի խոսքերով՝ որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12-ին։ ԱՄՆ նախագահն այս որոշումը ներկայացրել է որպես պատասխան Կանադայի կողմից էլեկտրաէներգիայի համար սահմանված 25%-անոց մաքսատուրքի։
Բացի այդ՝ Թրամփը հայտարարել է, որ Կանադան «պետք է անհապաղ վերացնի» ֆերմերային մաքսատուրքերը, որոնք ներկրվող ամերիկյան կաթնամթերքի համար կազմում են 250%-390%։ «Շուտով ես արտակարգ իրավիճակ կհայտարարեմ այն գոտու էլեկտրաէներգիայի համար, որը սպառնալիքի տակ է հայտնվել»,- գրել է Թրամփը։
Նա նաեւ սպառնացել է ապրիլի 2-ից «էապես բարձրացնել» ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, եթե «Կանադան չվերացնի մյուս կոպիտ եւ երկարաժամկետ մաքսատուրքերը»։ Նրա խոսքերով՝ դա «ընդմիշտ կփակի ավտոմոբիլային բիզնեսը Կանադայում»։
Թրամփը նաեւ ավելացրել է, որ Կանադան «շատ քիչ է վճարում ազգային անվտանգության համար՝ ապավինելով ԱՄՆ-ի ռազմական պաշտպանությանը»։
«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլարի չափով: Ինչո՞ւ։ Դա չի կարող շարունակվել։ Միակ իմաստալից բանն այն է, որ Կանադան դառնա մեր բաղձալի հիսունմեկերորդ նահանգը։ Այդ դեպքում բոլոր մաքսատուրքերը եւ մնացած ամեն ինչ ամբողջությամբ կանհետանան»,- գրել է Թրամփը։
Փետրվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց Կանադայից եւ Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա 25%-անոց մաքսատուրքերի սահմանման մասին։ Նա այդ որոշումը բացատրել էր նշյալ երկրներից անօրինական ներգաղթը, ֆենտանիլի եւ այլ թմրանյութերի հոսքը դեպի ԱՄՆ դադարեցնելու անհրաժեշտությամբ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի ուշ հայտարարեց, որ որպես պատասխան Դոնալդ Թրամփի սկսած առեւտրային պատերազմի՝ Կանադան կսահմանի 25%-անոց մաքսատուրքեր ընդհանուր 155 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների համար, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ։
Մարտի 10-ին Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ (եւ հաջորդ վարչապետ) ընտրվեց երկրի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարկ Քարնին։ Հաղթանակից հետո իր ելույթում Քարնին հայտարարեց, որ «Ամերիկան Կանադա չէ», եւ «Կանադան երբեք չի լինի Ամերիկայի մասը ոչ մի ձեւով, ոչ մի կերպ»։ Իշխող կուսակցության նոր առաջնորդը խոստացավ պահպանել ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «մինչեւ այն պահը, երբ ամերիկացիները հարգանք կդրսեւորեն» կանադացիների նկատմամբ։