Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարից երեւում է, որ նա հյուծված է: Վարդանյանը շարունակում է հացադուլը, որ հայտարարել էր փետրվարի 19-ից:

Լուսանկարը՝ vesti.az կայքից
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին: Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ցմահ ազատազրկում։
Եվրոպական խորհրդարանը վաղը՝ մարտի 13-ին անցկացվելիք լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով։
Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնելու Բաքու, որպեսզի ներկա լինի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը: Այդ մասին Х-ի իր էջում տեղեկացրել է Armenian Prisoners-ը։
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա լինելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ, միացե՛ք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- նշել է իրավապաշտպանը:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Լուսանկարը՝ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից
«Յուրաքանչյուր մեկ ավելի օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպառնալիքով։ Դժվար է պատկերացնելը, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է եւ ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։ Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես եւ բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր․․․»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր Մանե Թանդիլյանը։
«Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետեւ ոչ մեկս չգիտենք՝ իրականում ինչ է կատարվում այնտեղ»,- հավելել էր Մանե Թանդիլյանը։
Այս ընթացքում Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է։ Մարտի 3-ի շտապ բուժօգնության բուժաշխատողներն Ազատության հրապարակում չափել են նրա ճնշումը, ճնշման տատանում արձանագրել եւ առաջարկել դադարեցնել հացադուլը։ Մարտի 5-ին նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները հորդորել էին դադարեցնել հացադուլը եւ ստանալ համապատասխան բուժում, սակայն Թանդիլյանը գրավոր հրաժարվել էր բժշկական միջամտությունից եւ վերադարձել Ազատության հրապարակ։ Նա շարունակում է հացադուլը։
Մարտի 11-ի Ռուբեն Վարդանյանը՝ 22, Մանե Թանդիլյանը 11 օր է, ինչ հացադուլի մեջ են
Ռուբեն Վարդանյանը մարտի 5-ին Բաքվի բանտից ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ աուդիոուղերձ էր հղել՝ խնդրելով հրապարակային դարձնել դրա բովանադակությունը։
«Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ եւ կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել եւ շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է՝ դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք: Լյոխ լավա լինելու»,- նշել էր նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 28-ին ներկայացված հրապարակման մեջ հայտնել էր՝ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված եւ մարդասիրական արժեքները կարեւորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաեւ դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա։
Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»։ Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ»։
Իսկ Կառավարության պաշտոնական լրահոսում վերջին մեկ ամսվա ընթացքում որեւէ հրապարակում չի զետեղվել Բաքվի բանտերում պահվող անձանց մասին։
«Ալիք Մեդիան» տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Կառավարություն եւ ԱԳՆ՝ փորձելով պարզել, թե ինչ քայլեր են արվել, ինչ ջանքեր են գործադրվել ադրբեջանական բանտերում պահվող հայերի նկատմամբ կիրառվող անմարդկային միջոցների վրա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու համար։ Առաջիկայում հրապարակում կներկայացնենք այդ հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ հայազգի ռազմագերիները, պատանդները եւ այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում, չնայած որ այդ երկիրը ստանձնել է հանձնառություններ եւ միջազգային պարտավորություններ:
Հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում են, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի, Ժնեւի IV կոնվենցիայի (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում:

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։