ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունները համաձայնեցրել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքը, սակայն Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում այդ հարցը չի քննարկվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մեր նախագահները հանձնարարել են իրենց կառավարությունների համապատասխան անդամներին դա ավարտին հասցնել եւ կնքել համաձայնագիրը»,- ասել է Ռուբիոն՝ պատասխանելով հարցին, թե ինչու գործարքը չի ստորագրվել վերջին բանակցությունների ժամանակ։
Նա հավելել է, որ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Ջիդդայում էին՝ «խաղաղություն ապահովելու նպատակով», սակայն դա չի նշանակում, որ գործարքը կարեւոր չէ։
«Այն, անկասկած, կարեւոր է, եւ մենք դա արտահայտում ենք համատեղ հայտարարության մեջ»,- նշել է Ռուբիոն։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ բանակցությունների արդյունքներով հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են «որքան հնարավոր է շուտ» համաձայնագիր կնքել կարեւոր հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ։