ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունները կհանդիպեն «այսօր ավելի ուշ կամ վաղը»՝ Ուկրաինայում հրադադարի շուրջ քննարկումների համար։ Այդ մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը չի հստակեցրել այն պատվիրակությունների կազմը, որոնք կանցկացնեն հանդիպումը։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին, որը տեղի կունենա «այս շաբաթ»։ Թրամփի խոսքերով, եթե Պուտինը համաձայնի հրադադարի առաջարկին, ապա դա կլինի խաղաղության տանող ճանապարհի «75 տոկոսը»։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՏԱՍՍ-ի հարցմանը, չի բացառել առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումների հնարավորությունը։
«Մենք չենք բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները»,- նշել է դիվանագետը։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ ԱՄՆ իշխանությունները նաեւ խոստացել են անհապաղ վերականգնել Ուկրաինային զենքի մատակարարումները, որոնք վերջին օրերին դադարեցվել էին։ Զուգահեռաբար կվերականգնվի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։