Իրանը դեռեւս չի ստացել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը` ուղղված Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ միջնորդը այն շուտով կփոխանցի իրանական կողմին:
«Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել, պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն կհասցնի Թեհրան»,- ասել է նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերության հետ զրույցի ընթացքում։
«Իրանը միշտ ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ բանակցելու հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մենք նախկինում բանակցել ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ-JCPOA) շուրջ, եւ ԱՄՆ-ը դուրս է եկել դրանից։ Ներկայում բանակցություններ ենք վարում եվրոպական եռյակի հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա), երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ չորրորդ փուլը։ Շուտով կունենանք եւս մեկ փուլ։ Զուգահեռաբար շարունակվում են բանակցություններ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Արաղչին։
Դիվանագետի խոսքերով՝ Իրանը մնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ, իսկ երկրի միջուկային ծրագիրը գործում է այս շրջանակում, սակայն Թեհրանն իր վրա չի դնում որեւէ սահմանափակում։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։
Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը Իրանի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները եւ Գերմանիան, որի նպատակն էր լուծել Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։
Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը: