Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Կուրսկի մարզում եւս հինգ բնակավայրի վրա վերահսկողություն հաստատելու մասին։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական բանակի «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները կարողացել են գրավել Կազաչյա Լոկնյա, Պերվի Կնյաժի, Վտարոյ Կնյաժի, Զամոստյե եւ Միռնի բնակավայրերը։
Միեւնույն ժամանակ ռուսական TACC գործակալությունն ու պատերազմը լուսաբանող տելեգրամյան ալիքները կադրեր են հրապարակում Ուկրաինայի բանակի կողմից դեռ նախորդ տարվա օգոստոսի սկզբին գրավված Սուջա քաղաքի կենտրոնից՝ նշելով, որ այն նույնպես անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։
Այս տեղեկությունները հաստատում է նաեւ ուկրաինական Conflict Intelligence Team (CIT) հետաքննական նախագծի հիմնադիր Ռուսլան Լեւիեւը՝ նշելով, որ ուկրաինական բանակը համակարգված կերպով լքում է Կուրսկի մարզի տարածքը։
«Մենք տեսանք, որ բոլոր այն տարածքները, որոնք աստիճանաբար անցնում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ, գործնականում առանց մարտերի են գրավվել։ Նույնը վերաբերում է նաեւ Սուջային։ Նախօրեին [մարտի 11-ին] տեսանյութեր հրապարակվեցին, որ ռուսական զորքերը քաղաքի արեւելյան ծայրամասերում են։ Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ ռուսական զորքերը հակառակ ծայրամասերում են»,- նշել է Լեւիեւը։