Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին Մոսկվայի արձագանքի հարցում։
Պատասխանելով ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի հրադադարի առաջարկին՝ Պեսկովը նշել է․ «Դուք փոքր-ինչ առաջ եք անցնում։ Մենք չենք ցանկանում դա անել։ Նախօրեին մամուլի հետ զրույցում ե՛ւ [պետքարտուղար Մարկո] Ռուբիոն, ե՛ւ [ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք] Ուոլցը հայտարարեցին, որ տարբեր ուղիներով մեզ կտրամադրեն Ջիդդայում տեղի ունեցած բանակցությունների մասին մանրամասն տեղեկություններ։ Սկզբի համար մենք պետք է ստանանք այդ տեղեկությունը»։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ ԱՄՆ իշխանությունները նաեւ խոստացել են անհապաղ վերականգնել Ուկրաինային զենքի մատակարարումները, որոնք վերջին օրերին դադարեցվել էին։ Զուգահեռաբար կվերականգնվի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։