Երեւանն արդեն հայտնել է իր մոտեցումները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվից ստացված 12-րդ առաջարկի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Արդեն հայտնել ենք մեր մոտեցումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական 12-րդ առաջարկի մասին, եւ առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այն եւ, ընդհանուր առմամբ, համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցմանն առնչվող բոլոր հարցերը»,- նշել է արտգործնախարարը։
Միրզոյանի խոսքերով՝ հայկական կողմի մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, խաղաղության օրակարգին, խաղաղություն հաստատելու Երեւանի պատրաստակամությանը եւ երկրի շահերին։
Արտգործնախարարը նաեւ նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը, այլ հարցերից բացի, քննարկում են նաեւ միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման բացառումը, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում ներկայացրած հայցերից հրաժարումը։
«Մենք քննարկում ենք նաեւ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»,- հայտարարել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ 12-ը առաջարկը Ադրբեջանից ստացել էր փետրվարի վերջին։