Նիդերլանդներն ու Եվրոպական միությունը կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Կարծում ենք, որ գերիները եւ պատանդները, ընդհանրապես, պետք է հավուր պատշաճի՝ միջազգային չափանիշերին համաձայն պաշտպանված լինեն եւ ազատ ու արդար դատավարության իրավունքներ ունենան։ Վստահ եղեք, որ այս պարագայում թե՛ Նիդերլանդները եւ թե՛ Եվրոպական միությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը, մենք մեր ուշադրությունը սեւեռում ենք այս հարցին»,- հայտարարել է Վելդկամպը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։