ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չորեքշաբթի ռուսական կողմի հետ կքննարկեն Ուկրաինայում 30-օրյա հրադադար հաստատելու առաջարկն ու պատերազմի ավարտին վերաբերող հարցերը։
«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Ռուսաստանի արձագանքին եւ նրանց կոչ ենք անում լրջորեն քննարկել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հարցը»,- նշել է Ռուբիոն Իռլանդիայում կատարած կանգառի ընթացքում, որտեղ նա ուղեւորվել էր ուկրաինական պատվիրակության հետ Սաուդյան Արաբիայում անցկացրած բանակցություններից հետո։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ կդառնա առաջիկա օրերին, իսկ մերժումը հստակ ազդանշան կլինի Մոսկվայի հետագա ծրագրերի վերաբերյալ։
«Մենք այսօր կապ կհաստատենք նրանց [ռուսական կողմի] հետ, արդեն եղել են շփումներ տարբեր մակարդակներում գործընկերների, վարչակազմի տարբեր անդամների հետ, եւ դա կշարունակվի։ […] Մենք դա նրանց ուղղակիորեն կհայտնենք, մենք կասենք, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները եւ անմիջապես բանակցություններ սկսել պատերազմի երկարաժամկետ դադարեցման վերաբերյալ, եւ մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը։ Եթե նրանք ասեն «այո», մենք վստահ կլինենք, որ իսկապես առաջընթաց է գրանցվել, եւ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Եթե նրանք ասեն «ոչ», ապա, բնականաբար, մենք ստիպված կլինենք վերլուծել իրավիճակը եւ հասկանալ նրանց իրական մտադրությունները։ Կարծում եմ՝ եթե նրանք մերժեն, դա շատ բան կասի նրանց նպատակների եւ ծրագրերի մասին»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը հաջորդիվ նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու եւ խաղաղություն հաստատելու միակ միակ ճանապարհը բանակցություններն են։
«Պետք է սկսել այս գործընթացը, սակայն դժվար է դա անել, երբ մարդիկ կրակում են միմյանց վրա եւ զոհվում։ Հույս ունենք, որ կկարողանանք դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ երկու կողմերը որոշակի ժամանակահատվածում կկարողանան ինտենսիվ աշխատանքի միջոցով գտնել փոխընդունելի լուծում, որը Ուկրաինայի դեպքում ակնհայտորեն կապահովի երկարաժամկետ բարօրություն եւ անվտանգություն»,- ընդգծել է Ռուբիոն։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ ԱՄՆ իշխանությունները նաեւ խոստացել են անհապաղ վերականգնել Ուկրաինային զենքի մատակարարումները, որոնք վերջին օրերին դադարեցվել էին։ Զուգահեռաբար կվերականգնվի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։