Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին։
«Գերագույն Հոգեւոր Խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։
Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը»,- ասվում է Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովից հետո հրապարակված հայտարարության տեքստում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հայտարարության մեջ նշվում է, որ անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ոչ միայն քողարկել, այլ նաեւ արդարացնել իրենց «սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործների»։
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը նաեւ ընդգծում է, որ «շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար»։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Խորհուրդը այս պայմաններում կարեւորում է Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ գերիների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ նրանց ազատ արձակմանը հասնելու համար։
«Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը նաեւ կոչ է ուղղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։
Բացի այդ՝ հայտարարության մեջ Խորհուրդը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։