Պեկինում մարտի 14-ին կկայանա Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Մարտի 14-ին Պեկինում տեղի կունենա Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հանդիպումը՝ նվիրված Իրանի միջուկային խնդրին, որը կղեկավարի Չինաստանի արտգործնախարարի տեղակալ Մա Չժաոսյուն»,- – հայտնել է Նինը ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում, բացի Իրանի միջուկային խնդրից, կողմերը կքննարկեն նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Չինացի դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը հանդիպմանը կներկայացնի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, իսկ Իրանի կողմից կմասնակցի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաեւ արեւմտյան պատժամիջոցների վերացման ուղիները, ինչպես նաեւ Թեհրանի, Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Իրանի առաջնորդն էլ նույն օրը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել էր, որ Իսլամական Հանրապետությունը չի պատրաստվում բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն սեփական շահերը։
Այսօր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շուտով կստանա ԱՄՆ նախագահի նամակը։