Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ, սա նրա առաջին այցն էր 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից եւ սահմանամերձ շրջանների գրավումից հետո, հայտնում է TACC-ը։
Կրեմլի տվյալներով՝ մարտի 12-ին Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկում տեղակայված զորախմբի կառավարման կետերից մեկում։ Սակայն դրա ճշգրիտ գտնվելու վայրը չի նշվում։
Ռուսական պետական լրատվական գործակալությունների հրապարակած տեսանյութերում, որտեղ Պուտինն առաջին անգամ զինվորական համազգեստով է, լսում է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը։ Խորհրդակցության կադրերը ցուցադրվել են նաեւ «Россия-24» հեռուստաալիքի եթերով։
Խորհրդակցության ընթացքում Գերասիմովը զեկուցել է, որ ռուս զինվորականները Կուրսկի մարզում իրականացրած հարձակման ընթացքում գրավել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մասնավորապես, վերջին հինգ օրում հետ է գրավվել մարզի 24 բնակավայր։ Բացի այդ սահմանային որոշ հատվածներում ռուս զինվորականները հատել են Ուկրաինայի հետ սահմանը եւ անցել Սումիի մարզի տարածք։
Նրա խոսքերով՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը «մեկուսացված» է, եւ «ընթանում է դրա պլանավորված ոչնչացում»։ ՌԴ Գլխավոր շտաբի պետը նաեւ նշել է, որ Ուկրաինայի բանակը շրջանում արդեն կորցրել է ավելի քան 67 հազար զինծառայող։
Պետական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ Պուտինը զեկույցը լսելուց հետո «խնդիր է դրել հնարավորինս արագ ջախջախել թշնամուն» եւ ամբողջությամբ «ազատագրել Կուրսկի մարզի տարածքը»։ Նրա խոսքերով՝ ապագայում անհրաժեշտ է մտածել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ անվտանգության գոտի ստեղծելու մասին։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կուրսկի մարզում ռուսական գերության մեջ հայտնված բոլոր ուկրաինացի զինվորականներին պետք է վերաբերվել «որպես ահաբեկիչների»։
«Հենց նոր Վալերի Վասիլեւիչը [Գերասիմովը] հիշատակեց գերիներին։ Դե, այս մարդկանց նկատմամբ մենք, անկասկած, նախեւառաջ պետք է վերաբերվենք որպես ահաբեկիչների՝ համաձայն ՌԴ օրենքների։ Մենք բոլոր մարդկանց նկատմամբ պետք է մարդասիրաբար վերաբերվենք։ Բոլոր նրանց, ովքեր մեր ձեռքում են հայտնվել։ Սակայն, միեւնույն ժամանակ, ցանկանում եմ հիշեցնել, որ օտարերկրյա վարձկանները չեն ընդգրկվում 1949 թվականի Ժնեւյան կոնվենցիայի շրջանակում, որը վերաբերում է ռազմագերիներին»,- հայտարարել է Պուտինը։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի տարածքում հարձակումները սկսել էին 2024 թվականի օգոստոսի սկզբին՝ գրավելով մի քանի բնակավայր։
Մարտի սկզբին ռուսական զորքերը գրավեցին մարզի մի շարք բնակավայրեր։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ։
Ռուսական պետական TACC գործակալությունը մարտի 12-ին հրապարակեց տեսանյութ, որտեղ ռուս զինվորականները դրոշներ են պարզում Սուջա քաղաքի կենտրոնում։