ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Նրա խոսքով՝ այցը կկայանա այս շաբաթ՝ մարտի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, եւ նրա նպատակը կլինի ռուսական կողմին Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր ստորագրելու կոչ անելը։ Սպիտակ տան ներկայացուցիչը միեւնույն ժամանակ չի հստակեցրել, թե ում հետ է Ուիթքոֆը հանդիպելու Մոսկվայում։
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփի հատուկ բանագնացը մոտ օրերս կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպման համար։ Axios-ի տվյալներով՝ Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան մարտի 13-ին։
Լիվիթը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել «ռուս գործընկերոջ» հետ։ Սակայն, թե ում հետ է նա խոսել, եւ ինչ թեմաներ են քննարկվել, հայտնի չէ։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ Ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները վերականգնեցին Կիեւին ուղղված զենքի մատակարարումները, որ դադարեցվել էին վերջին օրերին։ Զուգահեռաբար վերականգնվել է նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։
Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս նշել է, որ Ռուսաստանին ժամանակավոր զինադադար պետք չէ։ Նա պնդել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող են օգտագործել մարտական գործողությունների դադարը՝ Ուկրաինային վերազինելու համար։
Reuters-ի ռուսական աղբյուրները նշել էին, որ Կրեմլը հազիվ թե համաձայնի ժամանակավոր հրադադարի առաջարկին։ Bloomberg-ի եւ The Moscow Times-ի աղբյուրները ենթադրել էին, որ Ռուսաստանը ձգձգելու է Ուկրաինայում զինադադարի գործընթացը՝ առավել բարենպաստ պայմաններ ստանալու համար։ Բացի այդ՝ Bloomberg-ի զրուցակիցները նաեւ նշել էին, որ Կրեմլը կարող է որպես նախապայման պահանջել Ուկրաինա արեւմտյան սպառազինության մատակարարումների դադարեցումը։