Արցախում տեղակայվածի խաղաղապահ առաքելության ղեկավարությունը եւ ոչ էլ Մոսկվայից որեւէ պաշտոնյա Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման մասին:
Ճիշտ է, Արցախի իշխանությունները տեղեկություններ ստանում էին շփման գծի երկայնքով ադրբեջանական մեծածավալ կուտակումների մասին, սակայն տեղյակ չէին, թե երբ է լինելու հարձակումը, որպեսզի խաղաղ բնակչությանը տեղեկացնեին սպասվող հարձակման մասին, եւ որպեսզի այդ օրը երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ չտանեին:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող մի արցախահայ սպա, որի ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտում, վաղ առավոտյան զանգահարում է Արցախի նախագահական եւ տեղեկացնում, որ Ադրբեջանը ժամեր անց սկսելու է հարձակումը շփման գծի ամբողջ երկայնքով, եւ այդ մասին ինքը տեղեկացել է ռուսական ռազմակայանի ղեկավարությունից:
Ահա այդ տագնապալի լուրը ստանալուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը բարձրանում է Շուշիի ուղղություն, զրուցում այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, որոնք հաստատում են, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի հրետանին աշխատելու է Ստեփանակերտի ուղղությամբ:
Դրանից հետո է միայն Արցախի ղեկավարությունը տագնապի շչակը միացնում եւ պատրաստվում պատերազմին, որը տեւում է մեկ օր:
Շարունակելի
Այս շարքի մեր նախորդ հրապարակումներն են՝ «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները», «Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան», «Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի ձերբակալության պահանջը դրել է անձամբ Իլհամ Ալիեւը», «Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի ձերբակալությունը Հակարիում», «Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին ռուս խաղաղապահները Ադրբեջանին հանձնել են Կարեն Սարգսյանի առանձնատանը», «Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղափոխումը Բաքու»:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։