Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում մարտի 12-ի երեկոյան հետ են մղել ռուսական զորքերի ութ հարձակում։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքերով՝ Սուջայի արվարձաններում եւ դրա շրջակայքում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները։
Գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ ռուսական զորքերը փորձում են ուկրաինացի զինվորականներին դուրս մղել Կուրսկի մարզից դեպի Ուկրաինայի Սումիի եւ Խարկովի մարզեր։
Ռուսական կողմը, «փորձելով ցանկացած գնով հասնել քաղաքական նպատակների», կրել է եւ շարունակում է կրել «զգալի կորուստներ»։ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության սկզբից ռուսական զորքերը կորցրել են 54,9 հազար զինվորի, նշել է Սիրսկին։
«Ամենադժվարին իրավիճակում իմ առաջնահերթությունը եղել եւ մնում է ուկրաինացի զինվորների կյանքերի պահպանումը։ Դրա համար Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում կատարում են մանեւրումներ դեպի ավելի շահավետ դիրքեր։ [․․․] Չնայած ռուս-հյուսիսկորեական բանակի ուժեղացած ճնշմանը՝ մենք շարունակելու ենք պաշտպանությունը Կուրսկի մարզում այնքան ժամանակ, որքան դա կլինի նպատակահարմար եւ անհրաժեշտ»,- ասել է գեներալ Սիրսկին։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հարձակումները սկսել էին 2024 թվականի օգոստոսին, որի ընթացքում գրավել էին մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Այդ ժամանակից ի վեր շրջանում շարունակվում էին մարտական գործողությունները։
Մարտի սկզբից ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հետախուզական տվյալների փոխանակման դադարի ֆոնին ռուսական զորքերը կարողացան վերահսկողության տակ վերցնել մարզի 24 բնակավայր։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից դատելով՝ ուկրաինական զորքերը լքել են սահմանամերձ Սուջա քաղաքը։
Հետաքննող Conflict Intelligence Team նախագծի հիմնադիր Ռուսլան Լեւիեւի գնահատմամբ՝ Ուկրաինայի զորքերը նահանջում են Կուրսկի մարզից։ Պաշտոնապես Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման մասին չի հաղորդվել։