ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք «կործանարար կլինեն Ռուսաստանի համար», եթե Մոսկվան համաձայնության չգա Ուկրաինայի հետ։
Մարտի 11-ին Ջիդդայում կայացած բանակցություններից հետո, ինչ Կիեւն ընդունել է Ուկրաինայում զինադադար հաստատելու վերաբերյալ ամերիկյան ծրագիրը, սա Ռուսաստանին ուղղված նախագահ Թրամփի ամենախիստ հայտարարությունն է։
«Ֆինանսական առումով մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որոնք կունենան վատ հետեւանքներ Ռուսաստանի համար, դրանք կործանարար կլինեն նրա համար»,– նախազգուշացրել է Թրամփը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ չի ցանկանում գնալ այդ քայլին, քանի որ ձգտում է խաղաղության։
Դոնալդ Թրամփը այս հայտարարությունները հնչեցրել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է ճնշում գործադրելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նրան Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու համար, Թրամփը նշել է․ «Այո՛, մենք կարող ենք։ Բայց հույս ունեմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»։