Եվրոպական միությունը նախատեսում է մաքսատուրքեր սահմանել 26 մլրդ եվրո արժողությամբ ներմուծվող ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի սահմանած 25%-անոց մաքսատուրքերի։ Այդ մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրահանձնաժողովը ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը անհիմն եւ տրանսատլանտյան առեւտրին վնաս հասցնող է համարում։ Նշվում է նաեւ, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատելու ԱՄՆ վարչակազմի հետ՝ բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար։
«Այսօր առավոտից Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր է սահմանում պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա։ Մենք խորապես ափսոսում ենք այս որոշման համար։ Մաքսատուրքերը հարկեր են։ Դրանք վնասում են բիզնեսին եւ առավել եւս՝ սպառողներին։ Այս տուրքերն ընդհատում են մատակարարման շղթաները։ Դրանք տնտեսության մեջ անորոշություն են առաջացնում։ Վտանգված են աշխատատեղերը։ Գները կբարձրանան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական պատասխան մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից եւ ամբողջությամբ կգործարկվեն ապրիլի 13-ին։
ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար ԱՄՆ վարչակազմի սահմանած մաքսատուրքերն ուժի մեջ են մտել մարտի 12-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նոր մաքսատուրքերը չորս անգամ ավելի բարձր են, քան դրանք եղել էին Թրամփի առաջին կառավարման ժամանակ։