Մոսկվան Վաշինգտոնին է ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին եւ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնմանը առնչվող իր պահանջների ցուցակը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների հաղորդմամբ՝ այդ պահանջները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են վերջին շաբաթներին՝ դեմ առ դեմ եւ առցանց հանդիպումների ընթացքում։ Սակայն թե կոնկրետ ինչ կետեր է ներառել Մոսկվան իր պահանջների ցուցակում, դեռեւս պարզ չէ։ Աղբյուրները նշել են, որ Կրեմլի պայմանները նման են այն պահանջներին, որոնք Ռուսաստանն ավելի վաղ ներկայացրել էր Ուկրաինային, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին։
Ավելի վաղ Ռուսաստանը պահանջել էր, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, իր տարածքում երրորդ երկրների ուժեր տեղակայելուց, ինչպես նաեւ ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը բռնակցված Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի նկատմամբ։ Բացի այդ՝ վերջին տարիներին Ռուսաստանը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի արեւելյան ընդլայնմանը։
Մոսկվան այս պահանջները քննարկել էր ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ դեռեւս 2021 թվականի վերջից՝ մինչեւ Ուկրաինայի տարածք լայնածավալ ներխուժումը։ Այդ բանակցությունները հաջողությամբ չէին ավարտվել։
Reuters-ը նշում է, որ դեռեւս անհայտ է՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մինչեւ իր պահանջների բավարարումը։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը եւ Սպիտակ տունը լրագրողների հարցումներին դեռեւս չեն պատասխանել։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները վերջին շաբաթներին հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի հիմքը կարող է դառնալ այն համաձայնագրի նախագիծը, որը ռուսական, ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները քննարկել էին Ստամբուլում 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակ Ռուսաստանը պահանջել էր, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից եւ ստանա միջուկային զենք չունեցող երկրի կարգավիճակ։