Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական գործընթացների հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության եւ ադրբեջանցի ժողովրդի դեմ, եւ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Հաջիեւը, որի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։
Նա կրկին անդրադարձել է Բաքվից հաճախ հնչող այն պահանջին, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որն իբր տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։
«Սա նախապայման է տարածաշրջանում համապարփակ խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիեւի խոսքերով՝ Բաքուն նաեւ Ադրբեջանին հասցված վնասի գնահատում է կատարել, եւ հայկական կողմի հետ քննարկման թեմա է լինելու նաեւ փոխհատուցման հարցը։
«Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ եւ մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների եւ գյուղերի ավերածությունների, մեր նյութական եւ մշակութային ժառանգության ոչնչացման եւ թալանի հետեւանքով հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության ամբողջական ապահովման համար»,- հայտարարել է Հաջիեւը։
Նշենք, որ այս ընթացքում Բաքվում ընթանում է այնտեղ պահվող հայերի դատավարությունը։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա Երեւանը բազմիցս է հայտարարել, որ այն ներքին գործ է, եւ Հայաստանի մայր օրենքը որեւէ տարածքային պահանջ չի պարունակում հարեւան երկրների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։