Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։ Այսպիսի հայտարարություն է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի գլոբալ ֆորումում։
«Հայաստանին մատկարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ։ Գուցե դրանք այսօր այլ տեղում են պետք։ Բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է Azertac գործակալությունը։
Ելույթում անդրադառնալով Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական քաղաքացիական առաքելությանը՝ Ալիեը կրկին հայտարարել է, որ այն «հետախուզական» գործունեություն է իրականացնում Ադրբեջանի դեմ։
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, լրտեսների պես, հարմար սողանցքեր են փնտրում, որպեսզի կարողանան անցնել մեզ մոտ։ Մենք ունենք նաեւ բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք՝ Դելի կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանը չունի որեւէ ագրեսիայի մտադրություն որեւէ երրորդ երկրի նկատմամբ», իսկ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ուղղված չէ այլ երկրների դեմ։
Նշենք, որ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մրկուս Ռիտերը նախորդ ամիս «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ կտրականապես հերքել էր Բաքվից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրականացվող ամբողջ գործունեությունը թափանցիկ է։