Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 13-ին հայտարարել է, որ «Հյուսիս» զորքերի խմբավորումը Ռուսաստանի վերահսկողության ներքո է վերադարձրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքը, Մելովոյ գյուղը եւ Պոդոլ ավանը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հարձակումները սկսել էին 2024 թվականի օգոստոսին, որի ընթացքում գրավել էին մի քանի սահմանամերձ բնակավայրեր, այդ թվում՝ Սուջա քաղաքը։
Այս տարվա մարտի սկզբից ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հետախուզական տվյալների փոխանակման դադարի ֆոնին ռուսական զորքերը կարողացել էին վերահսկողության տակ վերցնել 24 բնակավայր, որոնք գրավվել էին ուկրաինական բանակի կողմից։
Հետաքննող Conflict Intelligence Team նախագծի հիմնադիր Ռուսլան Լեւիեւի գնահատմամբ՝ ուկրաինական բանակը նահանջում է Կուրսկի մարզից։ Պաշտոնապես Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման մասին չի հաղորդվել։
Նախօրեին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր Հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ դեպի նոր դիրքեր մանեւրումներ են կատարվում, իսկ Սուջայի շրջակայքում մարտերը դեռ շարունակվում են։