Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ և զրույցի ընթացքում ուրվագծել է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը։
Ուշակովի խոսքերով՝ Մոսկվան շահագրգռված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարով։
«Ես մեկնաբանեցի ժամանակավոր հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հայտնեցի մեր դիրքորոշումը, որ սա ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր դադար ուկրաինացի զինվորականների համար։ Կարծում ենք, որ մեր նպատակը, այնուամենայնիվ, երկարաժամկետ խաղաղ կարգավորումն է։ Մենք դրան ենք ձգտում, խաղաղ կարգավորում, որը հաշվի կառնի մեր օրինական շահերը։ Մեր մտահոգությունները հայտնի են։ Կարծում եմ, որ այս իրավիճակում խաղաղությանն ուղղված գործողությունների նմանակող այսպիսի քայլերը ոչ մեկին պետք չեն»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախօրեին Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել Ուոլցի հետ, որի ընթացքում ամերիկյան կողմը որոշ տեղեկություններ էր ներկայացրել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ մարտի 11-ին Ջիդդայում կայացած բանակցությունների վերաբերյալ։