Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Բիշքեկում պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից։
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի Բիշքեկ կատարած պաշտոնական այցի շրջանակում։ Բանակցություններից հետո Ժապարովն ու Ռահմոնը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։
Փետրվարին երկու երկրների ներկայացուցիչները Բիշքեկում ստորագրել էին սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը։ Նախորդ տարվա դեկտեմբերին էլ Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի էր ունեցել սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Տաջիկստանի եւ Ղրղզստանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը։ Կողմերը համաձայնություն էին ձեռք բերել վիճելի տարածքների նկարագրությունն ավարտելու շուրջ։
Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ մոտ 1,000 կմ երկարությամբ սահմանը պարբերաբար դարձել է հակամարտությունների գոտի։ Ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2021 եւ 2022 թվականներին։
2021 թվականին տեղի ունեցած երեքօրյա մարտերի հետեւանքով զոհվել էին 36 ղրղզստանցի եւ 19 տաջիկ։
2022 թվականի սեպտեմբերին երկու օր շարունակված սահմանային բախումների հետեւանքով 100-ից ավելի մարդ էր զոհվել, իսկ շուրջ 140,000-ը՝ տարհանվել։
Այդ իրադարձություններից հետո կողմերը ակտիվացրել էին սահմանի սահմանազատման աշխատանքները։ Պետությունները համաձայնություն են ձեռք բերել համատեղ պարեկային ծառայություն իրականացնելու, հակամարտության գոտում ճանապարհի ապաշրջափակման, ինչպես նաեւ խաղաղության հաստատման վերաբերյալ արձանագրություն ստորագրելու շուրջ։