Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքերով` հայկական կողմը Բաքվին հայտնել է, որ ընդունել է պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված եւ բաց մնացած կետերը։
«Տեքստի վրա աշխատանքն ավարտված է: Հաջորդ փուլում Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները: Բացի այդ` Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է վերացվեն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, որի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։
Հայաստանը դեռ չի արձագանքել Բայրամովի հայտարարությանը։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երեւանը պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի ուղարկած 12-րդ առաջարկին՝ չբացառելով առաջիկայում համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցման համար ադրբեջանական կողմի հետ քննարկումների հնարավորությունը։
Հիշեցնենք, որ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։