Եվրոպական խորհրդարանը 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ այսօր ընդունած բանաձեւով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել նրանց։
Բանաձեւում, որը կրում է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինծու դատավարությունները» վերնագիրը, ԵԽ պատգամավորները մտահոգություն են հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ։ Բաքվին կոչ է արվում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ եւ կատարել միջազգային պարտավորությունները՝ ներառյալ Ժնեւի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Բացի այդ՝ բանաձեւը Եվրոպական խորհրդին կոչ է անում նպատակային պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի նկատմամբ։
Փաստաթուղթը նաեւ խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի կառույցները եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի որոշումը՝ համարելով, որ նման քայլերը լրջորեն խոչընդոտում են միջազգային մարդասիրական ջանքերն ու դիտորդական մեխանիզմները։
Բանաձեւը նաեւ կոչ է անում միջազգային քրեական դատարանին եւ վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների եւ էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորված անձանց։
Նշենք, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով քննարկումները Եվրոպական խորհրդարանը սկսել էր երեկ։
Այսօր, մեկնաբանելով ընդունված բանաձեւը, Հայաստանի հարցերով զեկուցող, ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչեւը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է աջակցի ՄԻԵԴ-ին՝ պատշաճ տեղեկություն հաղորդելով գերեվարվածների առողջական վիճակի մասին։
«Եվրոպական խորհրդարանն իր հստակ պահանջն արտահայտեց՝ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ թե՛ ռազմական անձնակազմի, թե՛ քաղաքացիական անձանց, Ադրբեջանի կառավարությանը հորդորեց տրամադրել զինված հակամարտության առնչությամբ գերեվարված բոլոր անձանց սպառիչ ցուցակները»,- հայտարարել է Կովաչեւը:
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ հայտարարել է, որ հակամարտությունը երբեք լավ լուծում չէ։
«Այն կարող է բերել կարճաժամկետ հաղթանակ, բայց նաեւ բերում է մահ, տառապանք եւ ժամանակ է պահանջում վերքերի բուժման համար: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Ադրբեջանին կոչ եմ անում իրականացնել միջազգային պարտավորությունները՝ ներառյալ հրադադարի ռեժիմն ու ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումների կատարումը»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը։