Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ խնայել Կուրսկի մարզում շրջափակման մեջ գտնվող ուկրաինացի զինվորականների կյանքը։
Ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում՝ Պուտինը մասնավորապես հայտարարել է․ «Ծանոթացել ենք ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի այսօրվա կոչին՝ խնայել ուկրաինական բանակի զինվորականների կյանքը, որոնց մի մասը շրջափակված է ռուսական զորքերի կողմից Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման գոտում։ Այս կապակցությամբ նշենք, որ ուկրաինացի զինյալները ներխուժման գոտում բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության նկատմամբ։ Այդ արարքները, ինչպես ես արդեն ասել եմ, Գլխավոր դատախազության կողմից որակվում են որպես «ահաբեկչություն»։ Միաժամանակ, մենք ըմբռնումով ենք մոտենում նախագահ Թրամփի կոչին՝ առաջնորդվել հումանիտար նկատառումներով այս զինծառայողների հանդեպ։ Այս կապակցությամբ ընդգծում եմ, որ եթե նրանք զենքերը վայր դնեն եւ հանձնվեն, նրանց կյանքը կերաշխավորվի, եւ նրանց նկատմամբ կլինի արժանապատիվ վերաբերմունք։ ԱՄՆ նախագահի կոչի արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է Ուկրաինայի ռազմա-քաղաքական ղեկավարության համապատասխան հրամանը իր զինվորական ստորաբաժանումներին զենքերը վայր դնելու եւ հանձնվելու վերաբերյալ»։
Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ «հազարավոր ուկրաինացի զինվորներ գտնվում են լիակատար շրջափակման մեջ», եւ որ նա դիմել է Պուտինին՝ «համառորեն խնդրելով խնայել նրանց կյանքը»։ Թրամփը չի նշել, թե ճակատային գծի որ հատվածի մասին է խոսքը, սակայն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել Կուրսկի մարզը, որտեղ ռուսական զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում։
Կուրսկի մարզից ստացված տեսանյութերի համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները լքել են իրենց հենակետերի մեծ մասը՝ կրելով զգալի կորուստներ։ Ուկրաինական բանակի վերահսկողության տակ մնում է միայն «Սուջա» սահմանային անցակետը եւ դրա շրջակայքում գտնվող մի քանի գյուղեր։ Այս տարածքները շրջափակման մեջ չեն, թեեւ նրանց մատակարարումը դժվարացել է ՌԴ զինված ուժերի դրոնային հարվածների հետեւանքով։ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ շրջափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ դրանք բացատրել է քաղաքական ճնշմամբ։