«Ամերիկայի ձայն»-ը եւ «Ազատ Եվրոպա» ռադիոն/«Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել են իրենց աշխատանքը ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունում (USAGM) կրճատումներ կատարելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո։
Նշենք, որ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը վերահսկում էր «Ամերիկայի ձայն»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը, որոնց աշխատակիցները ծանուցումներ են ստացել վճարովի արձակուրդ գնալու մասին։
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել է, որ վարչական արձակուրդի ծանուցում ստացել է մոտ 1,3 հազար աշխատակից։ «83 տարվա ընթացքում առաջին անգամ լռեց լեգենդար «Ամերիկայի ձայն»-ը»,- գրել է նա։
Աբրամովիցը հավելել է, որ «Ամերիկայի ձայն»-ը պետք է վերափոխվի, եւ այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են։ «Բայց այսօրվա գործողությունները կզրկեն «Ամերիկայի ձայն»-ին իր կենսական առաքելությունն իրականացնելու հնարավորությունից։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբեւէ կարեւոր է, երբ Ամերիկայի հակառակորդները, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ են ծախսում Միացյալ Նահանգներին վարկաբեկելու համար կեղծ նարատիվներ ստեղծելու համար»։
Աբրամովիցը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին իրականացրած աշխատանքների համար՝ նշելով, որ «Ամերիկայի ձայն»-ի լրագրողների թվում շատերն են այնպիսի երկրներից, որտեղ գործում է ավտորիտար ռեժիմ, եւ որտեղ նրանք հնարավորություն չեն ունեցել ազատորեն զբաղվելու լրագրությամբ։
«Ամերիկայի ձայն»-ի պաշտպանությանն արդեն աջակցել են միջազգային լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների»-ն, որոնք ընդգծել են, որ Թրամփի որոշումը «սպառնում է մամուլի ազատությանը ամբողջ աշխարհում եւ ջնջում Ամերիկայի՝ տեղեկատվության ազատ հոսքը պաշտպանելու 80-ամյա ջանքերը»։