Հակամարտությունը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը՝ հայտարարելով, որ այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ նացնող շաբաթ։
«Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար։
Ամերիկայի ոսկե դարաշրջանը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,-ասվում է Ուոլցի գրառման մեջ։
Conflict in the South Caucasus must end. I spoke this week with Mr. Hikmet Hajiyev, the national security advisor for President Aliyev in Azerbaijan.
We are pleased Azerbaijan and Armenia have taken a big step forward and agreed to a peace treaty. I told him we should…
— Mike Waltz (@MikeWaltz47) March 16, 2025
Նշենք, որ մարտի 16-ին Ուոլցի հանդիպմանն ու հայտարարությանը նախորդել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեք հայտարարությունները, թե իբր Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել սահամանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ հայտարարությունները՝ նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։