2023 թվականի սեպտեմբերի 6-ին (այդ ժամանակ արդեն Երեւանում էի. խոստանում եմ այլ առիթով անկեղծորեն պատմել, թե դա ինչու եւ ինչպես է եղել) Ֆեյսբուքում ինձ նամակ գրեց «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հայտնի լրագրող, Կովկասի հարցերով քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը: Սովորական «ի՞նչ կա-չկա» հարցերին պատասխանեցի, որ Ստեփանակերտում չեմ, բայց հարազատներիս, ընկերներիս, ծանոթներիս հետ նամակագրությունից, հեռախոսազրույցներից չարագուշակ տպավորություն ունեմ, որ աղետից «հինգ րոպե պակաս է»:
Նա ինձ ասաց, որ տեղեկություն ունի. եթե սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը նոր նախագահի ընտրի, Ադրբեջանը մի քանի օր հետո, ավելի կոնկրետ՝ ամսի 13-ին, «Մարտակերտը կտրելու է Ստեփանակերտից եւ սպառնալու է լայնածավալ հարձակումով, եթե նոր նախագահը չընդունի ԼՂՀ-ն լուծարելու, բանակը զինաթափելու պահանջը»: Թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երեւան տեղափոխվելուց հետո միակ պաշտոնյան, որի հետ հեռախոսային կապ եւ էլեկտրոնային նամակագրություն ունեի, Արայիկ Հարությունյանն էր, իսկ նա արդեն թողել էր նախագահի պաշտոնը եւ փոխանցել, որ այլեւս «որոշումների կայացման վրա ազդեցություն չունի»: Հասկանալի էր, որ չունի խորհրդատվության կամ վերլուծաբանական բնույթի նյութերի կարիք:
Ստիպված էի Երեւանում գտնվող նրա նախկին խորհրդական Ռուդիկ Հյուսնունցին փոխանցել Դուբնովի հայտնած տեղեկությունը եւ խնդրել, որ կապի իր միջոցներով այդ մասին Արայիկ Հարությունյանին տեղյակ պահի: Ընդ որում, նրան ուղարկեցի իմ եւ Դուբնովի նամակագրությունը՝ որպես, ինչպես ասում են, «իրեղեն ապացույց»: Բնականաբար, չէի կարող Դուբնովից հետաքրքրվել, թե ով է իր տեղեկատվության աղբյուրը, որքանով է վստահելի:
Երկու օր անց նա ինձ գրեց, որ Բաքվի «պլանները կարդինալ փոխվել են, այլեւ Մարտակերտն անջատելու մասին խոսք չկա, ծրագրվում է համաժամանակյա եւ բոլոր ուղղություններով խոշոր հարձակում»: Այդ նամակն էլ ուղարկեցի Հյուսնունցին եւ խնդրեցի անպայման փոխանցել Արայիկ Հարությունյանին: Նա ինձ պատասխանեց, որ Հարությունյանն «այլեւս ոչինչ չի որոշում», բայց վստահեցրեց, որ իմ եւ Դուբնովի նամակագրությունը փոխանցել է Ստեփանակերտում «մի շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձնավորության»:
Վստահ չեմ, որ իրականում այդպես է եղել: Բայց նույն օրերին լրագրող Նաիրի Հոխիկյանի ստեփանակերտյան շրջապատից մի անձնավորություն զանգեց ինձ եւ սպառնաց հաշվեհարդար տեսնել, որովհետեւ, իբր, իր անձնական տվյալները «տրամադրել եմ թուրքերին, որպեսզի Հակարիի անցակետում իրեն ձերբակալեն»: Երբ հարցրի՝ իսկ ինչո՞ւ պիտի ինքը Հակարիի անցակետ հասնի, մարդը կարկամեց, բայց մոտ կես րոպե անհոդաբաշխ խոսելուց հետո ստիպված խոստովանեց, որ քաղաքում խոսում են, որ մոտ օրերս «համատարած արտագաղթ է լինելու»:
Կարող եմ տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ այդ օրերի հեռախոսազրույցներից, մեսենջերային եւ էլեկտրոնային նամակագրություններից օրինակներ բերել, որ կվկայեն՝ շրջափակված Ստեփանակերտում գրեթե բոլորը գիտեին, որ Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում: Այլ բան է, եթե ասվի, որ իշխանությունները, քաղաքական եւ զինվորական վերնախավը մինչեւ վերջին պահը վստահ են եղել, որ ռուսական զորախումբը բռնատեղահանություն թույլ չի տա:
Բայց եթե անգամ այդպես է եղել, ապա դա ոչ թե արդարացում է, այլ բացարձակ անմեղսունակության ապացույց: Ավելի խորքային վերլուծությունից առայժմ ձեռնպահ կմնամ: Միայն ասեմ, որ եթե դու «նոր Սարդարապատի» հեռանկարով ես փորձում Արցախ փրկել, պետք է ամեն վայրկյան հարձակման ենթարկվելու պատրաստ լինես: Եվ այդ մասին ժամանակին ու ամենայն անկեղծությամբ քո ժողովրդին ասես:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։