Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը 30-օրյա հրադադարի առաջարկը ընկալում է որպես ուկրաինական զորքերին վերազինվելու ժամանակ տալու փորձ։
Ուշակովը այս մեկնաբանությունը տվել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ եւ վարող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մարտի 13-ին։ Հարցազրույցի մի հատված հրապարակվել է Զարուբինի տելեգրամյան ալիքում մարտի 16-ին։
«Մենք դա ընկալում ենք որպես ուկրաինական զորքերին շունչ առնելու հնարավորություն տալու փորձ, որոնք այժմ ծանր ժամանակներ են ապրում։ Ռուսական բանակը հարձակվում է բոլոր ուղղություններով, եւ այս իրավիճակում հրադադարը կարող ենք ընկալել որպես ուկրաինական զինված ուժերին վերազինվելու եւ վերախմբավորվելու համար ժամանակ տալու որոշակի փորձ», — ասել է Ուշակովը։
Նախագահի օգնականն ավելացրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն ու մտահոգությունները բոլորին լավ հայտնի են։ «Եվ մենք դրանք հասցրել ենք ամերիկացիներին եւս»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուշակովը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որոնք կայացել էին փետրվարին Սաուդյան Արաբիայում։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացան նաեւ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնց ընթացքում ամերիկյան կողմը առաջարկել էր սահմանել 30-օրյա հրադադար ամբողջ ռազմաճակատի գծով։ Ուկրաինան աջակցել է այս առաջարկին։
Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանություններն ավելի շատ շահագրգռված են Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ, քան ժամանակավոր հրադադարի հաստատմամբ։