ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին։ Reuters-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվելիս։
Թրամփի խոսքերով՝ անցնող շաբաթվա վերջում մեծ աշխատանք է կատարվել։
«Մենք ցանկանում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե կկարողանանք, միգուցե՝ ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցի ընթացքում կանդրադառնա նաեւ զիջումների թեմային՝ «հողի» եւ «էլեկտրակայանների» հարցերին վերաբերող։ BBC-ն ընդգծում է, որ խոսքը Զապորոժիեի ատոմակայանի մասին է, որը ռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքում է։
«Կարծում եմ, որ այս հարցերն արդեն քննարկվում են երկու կողմերի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշ ակտիվների բաժանման շուրջ բանակցություններ են ընթանում»,- ավելացրել է Դոնալդ Թրամփը։
Կիրակի՝ մարտի 16-ին, Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ հնարավոր զինադադարի եւ Ուկրաինայում պատերազմի խաղաղ ավարտի հարցով նախագահների զրույցը կարող է կայանալ այս շաբաթ։
Նախորդ շաբաթ Ուիթքոֆը այցելել էր Մոսկվա, մինչ այդ մասնակցել էր Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պատվիրակության հետ կայացած բանակցություններին։ Մոսկվայում անցկացված բանակցությունները Թրամփի հատուկ ներկայացուցիչը որակել է «դրական» եւ նշել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտեցնում են իրենց դիրքորոշումները։
Ջիդդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքում Ուկրաինան ընդունել է Ռուսաստանի հետ 30-օրյա համապարփակ զինադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը՝ հետագա երկարացման հնարավորությամբ։ Պուտինը սկզբունքորեն չի մերժել այս գաղափարը, սակայն նշել է, որ կան «նրբություններ», որոնք կապված են Մոսկվայի առաջ քաշած մի շարք պայմանների հետ։
Ներկայում զինադադարի շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, եւ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են։ Կիեւը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է զինադադարի եւ խաղաղ կարգավորման ցանկություն չունենալու համար։