Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Ադրբեջանում է, որտեղ արդեն հանդիպում է ունեցել այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի, ապա նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Դաշնային խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախագահ Ալիեւի հետ Մատվիենկոն քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնմանը վերաբերող։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ միջազգային ներկա իրավիճակը։
Ադրբեջանի փոխնախագահ Ալիեւայի հետ էլ Մատվիենկոն քննարկել է մշակութային եւ հումանիտար համագործակցության հարցեր։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը առանձին անդրադարձ են կատարել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հիշատակի հավերժացման աշխատանքների շարունակման անհրաժեշտությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Մատվիենկոն կայցելի նաեւ Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։