Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հայտնի է նաեւ որպես հութիներ) հայտարարել է, որ Կարմիր ծովում մեկ օրվա ընթացքում երկու հարձակում է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Հարրի Թրումեն» ավիակիրի դեմ։
Հարձակման ընթացքում, որը տեւել է մի քանի ժամ, օգտագործվել են բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։ Նրա պնդմամբ՝ հարձակումից հետո ամերիկյան ավիակիրը հարկադրված է եղել հետ քաշվել Կարմիր ծովի հյուսիսային շրջանում կայանած հատվածից։ Սարիի խոսքերով՝ ավիակիրի եւ նրան ուղեկցող նավերի վրա հարձակումը Եմենի նկատմամբ «ԱՄՆ-ի ագրեսիայի» պատասխանն է։
#معركة_الفتح_الموعود_والجهاد_المقدس pic.twitter.com/z2b5aY8Nou
— أمين حيان Ameen Hayyan (@AmeenHa2024yan) March 17, 2025
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) չի մեկնաբանել հարձակումների մասին տեղեկությունները։ Սակայն մարտի 17-ի գիշերը X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 15-ին սկսված ամերիկյան ռազմական գործողությունը հութիների դեմ շարունակվում է։
CENTCOM forces continue operations against Iran-backed Houthi terrorists… pic.twitter.com/zEWykoDKQR
— U.S. Central Command (@CENTCOM) March 17, 2025
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչն էլ Fox News-ին հայտնել է, որ ամերիկյան ռազմական նավերը խոցել են հութիների ավելի քան 10 անօդաչու թռչող սարք, որոնք ուղղված են եղել ավիակիրի հարվածային խմբի դեմ։ Նրա խոսքերով՝ անօդաչու սարքերը ոչնչացվել են «շատ ավելի վաղ, քան դրանք կհասցնեին լուրջ վտանգ ներկայացնել»։
2023 թվականի աշնանից Եմենի հութիները պարբերական հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովում գտնվող ռազմական եւ քաղաքացիական նավերի դեմ։ Այդ տարվա նոյեմբերին շարժումը հայտարարեց, որ թիրախավորելու է բոլոր այն նավերը, որոնք կապ կունենան Իսրայելի հետ։ Նման գործողության իրականացման նպատակը բացատրվում էր Գազայի հատվածում պայքարող պաղեստինցիներին աջակցելու եւ Իսրայելի ագրեսիային պատասխանելու միտումով։
2025 թվականի հունվարին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով հութիները կրկին ճանաչվում էին որպես արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն (Foreign Terrorist Organization)։ ԱՄՆ նախագահը իր առաջին պաշտոնավարման շրջանում Եմենի այս շարժումը արդեն ներառել էր այդ ցուցակում, սակայն նրան հաջորդող Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել էր այդ որոշումը։ ՄԱԿ-ում այդ ժամանակ նախազգուշացրել էին, որ հութիների ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը կարող է հանգեցնել Եմենում ծանր հումանիտար ճգնաժամի եւ սովի վտանգ ստեղծել։
Մարտի 15-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) լայնածավալ գործողություններ սկսեց հութիների դեմ՝ «ԱՄՆ-ի ծովային ակտիվները պաշտպանելու եւ ահաբեկչական սպառնալիքները զսպելու նպատակով»։ Հութիները հայտարարել են, որ ամերիկյան հարվածների հետեւանքով զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 98-ը, որոնց թվում կան կանայք եւ երեխաներ։ Նրանք նաեւ մեղադրել են ԱՄՆ-ին մարտի 16-ի երեկոյան Հոդեյդա քաղաքի բամբակի գործարանին հարվածելու համար։