Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը մարտի 16-ի երեկոյան տարածել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի լուսանկարը:
Լուսանկարն արվել է մարտի 16-ի առավոտյան Հռոմի Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցում, որտեղ Պապը բուժման մեջ է ավելի քան մեկ ամիս: Նկարում 88-ամյա Ֆրանցիսկոսը նստած է աթոռին՝ խորանի դիմաց, որը հիվանդանոցի տասներորդ հարկում գտնվող մատուռում է:
Վատիկանի հայտարարության համաձայն՝ Պապի առողջական վիճակը բարելավվում է, սակայն նա դեռեւս հիվանդանոցային խնամքի կարիք ունի:
Փետրվարի 14-ին հիվանդանոց տեղափոխվելուց հետո Հռոմի պապին ոչ ոք չի տեսել՝ բացի հիվանդանոցի անձնակազմից եւ նրա շրջապատի անդամներից:
Ֆրանցիսկոսի հոսպիտալացումից հետո կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառում, որ նա կարող է հրաժարվել պապական աթոռից:
Ֆրանցիսկոսի նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը, 2013 թվականին հրաժարվեց պապական աթոռից առողջական խնդիրների պատճառով, երբ 85 տարեկան էր: 500 տարվա ընթացքում դա առաջին հրաժարականն էր: Բենեդիկտոսը մահացել է 2022 թվականին՝ 95 տարեկանում: